ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ


1985 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.12.10.2

Ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան

Գտնվում է Ազատության պողոտա, 2 հասցեում` Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի տարածքում:

Կառուցվել է 1985 թ.`Մեծ հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում հուշահամալիրի վերակառուցման ու տարածքի բարեկարգման ժամանակ (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան): Ծառուղին մտածված է եղել այնպես, որ տաներ դեպի «Մայր Հայաստան» հուշարձան և անհայտ զինվորի գերեզման: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մեծ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին:

Բետոնե ձևավոր սալերով սալարկված ծառուղին ունի 300 մ երկարություն և 10 մ լայնություն: Մի կողմից եզերված է մոխրագույն բազալտից շարված պատով (երկարությունը՝ 220 մ, բարձրությունը՝ 1,2 մ), մյուս կողմից սահմանակից է կանաչապատ գոտուն: Պատի վրա, իրարից 40 մ հեռավորությամբ տեղադրված են դեղնավուն տուֆից կերտված քանդակազարդ հուշաքարերի 5 խմբեր (առաջինը՝ 5 քար, մյուսները՝ 3-ական): Ծառուղին բացում են առաջին խմբի կողք կողքի տեղադրված 5 հուշաքարերը: Բոլոր կենտրոնական հուշաքարերն ունեն 1.2 x 3.4 x 0.4 մ չափեր, եզրայինները՝ 1.1 x 3 x 0.4 մ չափեր: Քարերի վրա հայերեն և ռուսերեն լեզուներով փորագրված են ԽՍՀՄ հերոսների ու Փառքի շքանշանի ասպետների անունները (ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյան, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան, ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյան, ԽՍՀՄ հերոսներ՝ ծովակալ Հովհաննես Իսակով, Հունան Ավետիսյան, Սերգեյ Բուռնազյան, Ջահան Կարախանյան, Խաչիկ Մելիքսեթյան, Ստեփան Անաստասի Միկոյան, Գեորգի Հակոբյանց և այլոք):

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ազատության պող. 2