ՍՊՈՐՏ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը, բացվել է 1970 թ.: Այն 1984 թվականից կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Շախմատի տունը մայրաքաղաքի մարզական կարևորագույն կառույցներից է (ճարտարապետներ` Ժ. Մեշչերյակովա, Ռ. Մանուկյան, նկարիչներ` Հ. Բդեյան, Դ. Բաբայան, 1970)։
Շենքը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Սայաթ-Նովա, Խանջյան և Իսահակյան փողոցների միջև ընկած հատվածում: Շենքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է Տիգրան Պետրոսյանը։ Արտաքնապես շենքն աչքի է ընկնում անսովոր եռանկյունու ձևով, որը շախմատային նավակ է հիշեցնում։ Ճակատը զարդարում են պղնձից կոփված յոթ ոճավորված շախմատի խաղաքարեր։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարևանությամբ կանգնեցված է տաղանդավոր շախմատիստի կիսանդրին (քանդակագործ` Արա Շիրազ, ճարտարապետ` Կառլեն Անանյան, 1989)։
Այս շենքում է իր գործունեությունը ծավալում Հայաստանի շախմատի ֆեդերացիան։