КУЛЬТОВЫЕ СООРУЖЕНИЯ
ՔԱՆԱՔԵՌԻ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ
1913-1916 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.12.4
Ճարտարապետ՝ Ֆյոդոր Վերժբիցկի
Գտնվում է Զաքարիա Սարկավագի փողոց, 68 հասցեում: ՀՀ-ում ռուսական ուղղափառ գլխավոր եկեղեցական կառույցն է: Պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն: Գործում է:
Ռուսական կայսրության, և
մասնավորապես, Արևելյան Հայաստանի ռուսական եկեղեցիների շարքում որոշակի դեր են խաղացել
զորանոցային եկեղեցիները: Դրանք կառուցվել են այն վայրերում, որտեղ տեղակայված էին
ռուսական կայազորները: Կառուցվել են օրինակելի նախագծով, որը հաստատել է ռուսական շինարարական հանձնաժողովը
1901 թ. (ճարտարապետ՝
Ֆյոդր Վերժբիցկի): Ռուսական կայսրության մեջ մինչև 1917 թ. այդ նախագծով կառուցվել
է 69 եկեղեցի:
ՀՀ տարածքում Ֆ. Վերժբիցկու տիպային
նախագծով կառուցված եկեղեցիներից են Քանաքեռի 1-ին
Պոլտավյան գնդի Սբ Աստվածածին ռուս ուղղափառ եկեղեցին
(Церковь Покрова Пресвятой Богородицы, 1913-1916 թթ.), Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող Սբ. Արսեն Սերբացու կամ
Տիրոջ հայտնության եկեղեցին (1907-1910 թթ., Կազաչի պոստի եկեղեցի, Церковь Св.
Арсения Сербского, Церковь Богоявления):
Մինչև Սբ Աստվածածին ռուսական եկեղեցու կառուցումը, Քանաքեռ գյուղի ռուսական զորակայանում գոյություն է ունեցել Կուբանի կազակական բանակի 1-ին Պոլտավյան գնդի զինվորական շարժական (երթային) Սբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցին՝ հիմնված 1882 թ.։ 1905-ից զետեղվել
է զորակացարաններից մեկում: Օծվել է 1906 թ. հունվարի 29-ին։
Պոլտավյան գնդի 700 աստիճանավորների և զինվորականների
հոգևոր կարիքները բավարարելու համար 1913-1916 թթ. Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցվել է ներկայիս Սբ Աստվածածին եկեղեցին,
որը մոտ մեկ դար մնացել է Քանաքեռի ռուսական զորամասի կազմում (Զաքարիա Սարկավագի փողոց,
117-123 հասցեում): Շինարարության վերահսկողությունն իրականացրել է Վասիլի Միրզոյանը: Խորհրդային շրջանում օգտագործվել է որպես զինվորական հոսպիտալ, ակումբ, կինոթատրոն, պահեստ:
Վերաբացվել է 1991 թ.: Վերականգնվել 2000 թ.: Զորանոցային համալիրից առանձնացվել է:
Եկեղեցին ընդարձակ շինություն է, արտաքուստ շեշտված հնգանիստ խորանով և չորս ավանդատներով: Ճակատներն աչքի են ընկնում դեկորատիվ ճոխ հարդարանքով, որոնց մեջ ակնառու են ռուսական եկեղեցական ճարտարապետության բնորոշ տարրերը: Շեշտված են երեք մուտքերը (հյուսիսային, հարավային,
արևմտյան), որոնց ուղղանկյուն բացվածքները պսակված են որմնանկարներով: Ներքին պատերը ծեփապատ են: Հատակը սալապատված է: Թիթեղապատ տանիքի արևելյան և արևմտյան ծայրերում
բարձրանում են զույգ գմբեթները, որոնք 2010-ական թթ. սկզբին վերանորոգվել են նախնական
տեսքի անտեսմամբ:
Կառուցված է նարնջագույն, սրբատաշ տուֆից, միդիս շարվածքով։ Չափերն են՝ 35.9 × 15.7 մ:
2004 թ. եկեղեցու
բակում, մուտքից աջ, ռուսական ավանդական ուղղափառ ճարտարապետության ոգով կառուցվել է չորս սյուների վրա բարձրացող Սբ. Խաչ («Սբ Ռուսաստանի բանակին», ”Воинству Святой Руси”) մատուռը՝ նվիրված զոհված ռուս զինվորներին: Հովանավորներն են Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Գլադունչիկը: Բարեկարգվել-սալիկապատվել է եկեղեցու շրջակայքը, տարածքը ցանկապատվել է։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան