ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Մերկի հանդերձները


Մերկության ընկալումները հայկական գրաֆիկայում

🖼️«Մերկի հանդերձները» ցուցահանդեսը, որն ընդգրկում է ավելի քան 100 գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, փորձ է վերհանելու մերկության դրսևորումների բազմազանությունը հայ արվեստում պարկեշտամիտ արվեստաբանական պատումների ստվերներից։

📃 Ի հակադրություն ընդունված կարծիքների, մերկը մշտապես առկա է եղել հայ արվեստում՝ 1840-ականներին հայկական ակադեմիական նկարչության սկզբնավորումից մինչ մեր օրերը: Ցուցահանդեսն ուրվագծում է այդ պատմությունը՝ մատնանշելով այն հիմնական թեմատիկ և տեսական հետաքրքրությունները, որոնք գրավել են այդ ընթացքում Հայաստանում և Սփյուռքում գործող արվեստագետներին:

Էրոտիկ թե' ողբերգական, իդեալականացված թե' թշվառ. մերկը նրանց աշխատանքներում ծառայել է իբրև «բացության» բանալի՝ խթանելով մարդու հավատքների, սեռականության, երևակայության ու սոցիալ-մշակութային իրականության վերաբերյալ ձևային և հղացական մտորումների անսպասելիորեն լայն շրջանակ:
Գրաֆիկայի նախապատվությունն այստեղ հնարավորություն է տալիս տեսնելու անկեղծության այս մտային ու զգացմունքային արտահայտություններն՝ իրենց ամենավառ և անկաշկանդ ձևով:

🔎Ժամանակակից հայ արվեստում, այլևս, ոչ թե լոկ «խորհրդանիշ» կամ մեր ցանկությունների էկրան՝ մերկը կրում է տարաբնույթ հանդերձներ։ Այն դարձել է քննական եղանակ, որով հաստատվում են տեսնելու բազմաթիվ եղանակները և խոսվում են աշխարհում լինելու սոցիալական, սեռային ու մշակութային անընդհատ փոփոխվող կենսափորձի մասին։

⚜️Ցուցահանդեսի համադրողներ՝ Վիգեն Գալստյան, Սեդա Խանջյան:

Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող. 1
+37410 580 812